Առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը:

Մասնավորապես, օրենքի նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է՝ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում: Արգելված վայրերում ծխելու համար սահմանված է 50-700 դրամ տուգանք:

 

Օրենքի նախագիծը հանրային բուռն քննարկումների առիթ է տվել: Սոցցանցերում իրենց տարաբնույթ տեսակետներն են հայտնում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները: Քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը երկար տարիներ եղել է օրենսդրական դաշտում, լինելով ՀՀ իշխանությունների կողքին՝ մշտապես հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով եւ ԱԺ ամբիոնից կարողացել է պաշտպանել բազմաթիվ օրենքների նախագծեր ու հասնել դրանց ընդունմանը, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց նրա հետ՝ պարզելու վերջինիս կարծիքը հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագծի վերաբերյալ:

«Սահմանադրությունը թույլ է տալիս ընդունել համապատասխան օրենք՝ սահմանափակումների մասին: Իմ խորին համոզմամբ՝ ամբողջ աշխարհը գնում է առողջ ապրելակերպի և մեկի իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքը: Այնպես չի, որ մենք չպետք է աշխարհից տարանջատված լինենք: Թեև ինքս ծխող եմ, բայց կարծում եմ՝ համընդհանուր բարեկեցությունից ելնելով՝ սահմանափակումները պետք է ընդունելի լինեն»,- ասաց Վարդան Այվազյանը:

Թե որքանով են խելամիտ օրենքի սահմանափակումներն ու տուգանքի չափը, արդյոք համամիտ է օրենքի նախագծում առկա դրույթների հետ, Այվազյանը նկատեց. «Կարծում եմ՝ տուգանքների չափը բավականին մեծ է, հարկավոր է վերանայել դրանք, համապատասխանեցնել երկրում ՀՆԱ-ի մակարդակին. եկամուտները, աշխատավարձերը պետք է լինեն տուգանքներին համաչափ: Տուգանքների առումով կարելի է տարբեր քննարկումներ անել, բայց սահմանափակումների առումով՝ ոչ»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը՝ նշելով, որ աշխարհը գնում է այդ ուղղությամբ և չենք կարող հետ մնալ դրանից: 

Անդրադառնալով, օրինակ, մեքենայի մեջ ծխելն արգելելուն, Այվազյանը նշեց. «Տաքսու վարորդը, եթե մարդ է տեղափոխում, բնականաբար, պետք է ծխելու համար տուգանվի, իսկ եթե մեքենան անձնական օգտագործման է, ինչպե՞ս կարելի է արգելել»:

 

Սոնա Հարությունյան