Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Հայաստանի օրենսդիր կյանքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար ամենապայծառ երևույթներից մեկն է: Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց, որ Սահակյանը մեծ ներդրում ունի իր քաղաքական գործունեության մեջ: «Ես հաճախ նրա հետ կատակում եմ' ասելով. «Գիտեք, ես 4 տարի եղել եմ Ձեր կողմից ղեկավարված ֆրակցիայում, համարենք, որ քաղաքական բակալավրիատս ավարտել եմ Ձեր ղեկավարությամբ»: Գալուստ Սահակյանը Հայաստանի պառլամենտարիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Նրա տեսակետները կարելի է սիրել կամ չսիրել, ընդունել կամ չընդունել, բայց նա պայծառ երևույթ է Հայաստանի օրենսդիր կյանքում: Այն, որ նա ունի հսկայական ավանդ հայկական պառլամենտարիզմի զարգացման գործում' աներկբա է»,-նշեց Արմեն Աշոտյանը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց նաև, որ հպարտանում է Հրանտ Բագրատյանով: Նա ոչ միայն ակտիվ քաղաքական գործիչ է, այլև շատ կայացած անձնավորություն, որը ունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել: Կմաղթեի, որ քաղաքական ինքնուրույն որոշումների կայացումը Հրանտ Բագրատյանը կարողանար տարածել նաև իր որոշ այլ գործընկերների վրա, որոնք ավելի խմբակային գործողությունների կողմնակիցներ են: Հրանտ Բագրատյանը խիզախ քաղաքական գործիչ է, ուրախ եմ, որ նման պառլամենտական ունենք: Իհարկե, եթե լինեի պատգամավոր, կընտրեի Գալուստ Սահակյանին, բայց մի քանի բ արի խոսք կասեի Բագրատյանի մասին, որին բարձր եմ գնահատում նաև որպես դասախոս»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

 

Ազգային ժողովում արդեն ավարտվել է ԱԺ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը: Արդյունքները հայտնի կդառնան մի քանի րոպեից: Երկու թեկնածուներն էին Գալուստ Սահակյանն ու ինքնաառաջադրված, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը: