Հարկավոր է շարունակել այն ավանդույթները, որոնք ձևավորվել են խորհրդարանի գործունեության տարիների ընթացքում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք պետք է շարունակենք պատգամավորների համագործակցության ավանդույթը, ինչպես նաև ավանդույթները կապված բոլոր պատգամավորների առաջարկների և խորհրդարանական խմբակցությունների առաջարկների հետ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ստեղծ ել հարթակ, որտեղ հնարավոր կլինի քննարկել բոլոր առաջարկները և փորձել լուծումներ գտնել»,-ասաց Սահակյանը:

 

Սահակյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցությանն՝ իրեն վստահելու և իր թեկնածությունն առաջադրելու համար: «Շնորհակալ եմ ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին քվեարկությանը մասնակցելու համար, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր չմասնակցեցին քվեարկությանը»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Սահակյանը շնորհակալություն հայտնեց նաև Հրանտ Բագրատյանին և Ռուբեն Հակոբյանին, ովքեր ևս առաջադրել էին իրենց թեկնածությունը (Ռուբեն Հակոբյանը հանել էր իր թեկնածությունը): «Ես պայքարող մարդ եմ, և շատ ուրախ եմ, որ կարողացա ընտրվել պայքարի արդյունքում, ինչի համար շնորհակալ եմ Հրանտ Բագրատյանին»,- նշեց նա:

 

Այնուհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան հրավիրեց զբաղեցնելու իր տեղը: Այս պահին նիստը նախագահում է ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը:

 

Գալուստ Սահակյանը փակ քվեարկության արդյունքում ընտրվել է ԱԺ նախագահ: Այդ պաշտոնի համար Գալուստ Սահակյանը պայքարում էր ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, որոնցից 101-ը քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին, 3-ը՝ Հրանտ Բագրատյանի, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: