Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի գործընկերներին՝ ԼՂՀ անկախության աջակցման բանաձև ընդունելու համար: ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության աջակցության եւ խրախուսման բանաձև: «Ես մեր պատգամավորների անունից շնորհակալություն եմ հայտնում Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերներին՝ այդ բանաձևն ընդունելու համար»,-ասաց Սահակյանը:

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը լիագումար նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության աջակցության եւ խրախուսման AJR 32 բանաձևը: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը: Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին Բանաձևն ընդունել էր 9 կողմ, մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայներով: Այնուհետև Բանաձևը տեղափոխվել էր խորհրդարանի քվերակությանը, որը տեղի է ունեցել մայիսի 8-ին: AJR 32 բանաձևի նախա գծի հեղինակը Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գատտոն է: