Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ուղերձում ասված է.
«Հարգարժան պարոն Ղուլյան,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ: Արցախի պետական տոն լինելով՝ այն իր էությամբ, իմաստով ու նշանակությամբ համահայկական տոն է, քանզի ազատ ու ինքնիշխան Արցախը ծնվեց համազգային միասնական պայքարի, համազգային ջանքերի շնորհիվ՝ մարմնավորելով Արցախում, Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների արդար ցանկությունն ու ձգտումը:
Ավելի քան 20 տարի հայկական երկրորդ պետությունը դե ֆակտո հանդես է գալիս որպես տարածաշրջանային գործընթացների անհերքելի մասնակից՝ վստահորեն շարժվելով դեպի դե յուրե ճանաչում: Այն սոսկ աշխարհագրական տարածք չէ, այլ խեղաթյուրված պատմական արդարությունը և սեփական բնօրրանում ապրելու իր իրավունքն արյամբ ու հաղթանակով վերականգնած մի ժողովրդի երկիր, որտեղ համամարդկայնորեն ընդունված արժեքներն ու համակարգերը շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան որոշ հարևան երկրներում, ինքնիշխանության գաղափարն ու այն ամբողջությամբ իրացնելու նպատակամղվածությունն անշրջելի են, իսկ դրանք պաշտպանելու կամքը՝ աներեր:
Ադրբեջանական վերջին անփառունակ դիվերսիաները դրա լավագույն ապացույցն էին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ու ժողովուրդը վերստին ցույց տվեցին, որ իրենց հաղթանակները շարունակական են, սահմանները՝ անձեռնմխելի ու հուսալի պաշտպանված, ազատության ընտրված ուղին՝ հաստատուն, այդ ուղուց շեղելու բոլոր տեսակի, այդ թվում և ռազմական փորձերը՝ ձախողված:
Վստահ եմ, որ տարեցտարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներն իրենց կզգան ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ ու ավելի մրցունակ երկրի քաղաքացիներ՝ իրենց արժանի տեղն ունենալով միջազգային հանրության ժողովրդավարական ընտանիքում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, հարգելի պարոն Ղուլյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ և, ի դեմս Ձեզ, մաղթում Արցախի ժողովրդին խաղաղություն և բարգավաճում, շարունակական հաստատակամություն և ոգու ամրություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության, երկրի հետագա հզորացման գործում»: