Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

 

Ձեզնից յուրաքանչյուրը' հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա եւ վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին:

 

Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները' չխնայելով նույնիսկ սեփական կյանքը: Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը եւ շարունակելով նրանց սուրբ գործը' նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

 

Թանկագի՛ն արցախցիներ,

 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ' ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»: