Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականին Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերն իրենց արժանի տեղն զբաղեցրին մեր ժողովրդի պատմության հերոսական տարեգրության մեջ:
Իր բազմադարյա պատմության ընթացքում հայը բազմիցս է համոզվել, որ անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը եւ սեփական ուժերին ապավինումը: Դա ցույց տվեց նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ Ադրբեջանը մեկ անգամ եւս փորձ արեց իրականացնել իր ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ: Սակայն նա բախվեց հայոց բանակի ուժին ու ոգուն' չկարողանալով իրականացնել իր ռազմատենչ նպատակներից եւ ոչ մեկը:
Այսօր բոլորիս պարտքն է մեր հերոս նախնիների հաղթական ոգին միշտ կենդանի պահել սերունդների հիշողության մեջ, աչքի առաջ ունենալով նրանց օրինակը, առաջնորդվելով ազգային գաղափարախոսությամբ ու անձնուրաց հայրենասիրությամբ' անել ամեն ինչ, որպեսզի հայկական երկու հանրապետություններն օր օրի զարգանան, լինեն ավելի ամուր ու հզոր: Իսկ դրան հասնելու միակ ճանապարհը համախմբված ու միասնական աշխատանքն է, համայն հայության ներուժի եւ յուրաքանչյուրի ջանքերի համադրումը' ի շահ կարեւորագույն համազգային խնդիրների լուծման: Միայն այդպես կարող ենք կերտել նոր հ աղթանակներ եւ գնալ դեպի հուսալի ապագա:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին պետական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ»: