Խորհրդարանում մեկնարկեց ԱԺ եռօրյայի վերջին օրվա նիստը, որի օրակարգը նախորդ երկու օրերի նման հագեցած է լինելու: Պատգամավորները կշարունակեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ գործողությունները կասեցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի քննարկումը, որով առաջարկվում է կասեցնել պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժերի և տուգանքների հաշվարկը: Առաջարկված նախագծով, ինչպես նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «դե ֆակտո» կասեցվում է պարտադիր բաղադրիչը: Նախագիծը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ապրիլի 29-ի նիստն ընդհատվեց Արտեմ Ասատրյանին հարցեր տալու փուլում:
ԱԺ-ն նիստի մեկնարկին կկազմակերպի նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունը: Խորհրդարանն արդեն ավարտել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որով առաջարկվում է հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային («շքեղության») հարկը:
Ժամը 12:30-ին կմեկնարկի ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: ՀՀԿ-ն այս պաշտոնում առաջարկել է խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Քվեարկությունը կտևի մեկ ժամ, որից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը կամփոփի արդյունքները և կհայտարարի պետաիրավաան հարցերի հանձնաժողովի նախագահի անունը: Պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Ժամը 16:30-ին խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն առաջին անգամ կպատասխանի պատգամավորների հարցերին: