Երբ փոխվարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Արմեն Գևորգյանը, քննարկվեցին ամենատարբեր վարկածներ՝ քաղաքականից մինչ անձնական:
Տեսակետների խաչմերուկում թույլ լսելի էր մի վարկած, ըստ որի՝ Գևորգյանը հեռացել է, որովհետև չի ուզեցել մնալ խորտակվող նավում: Խոսքն ոչ թե գլոբալ իշխանափոխության, այլ՝ կոնկրետ կառավարության մասին է:
Հիշենք, թե ինչ հանգամանքներում ձևավորվեց գործող կառավարությունն՝ այս հրապարակման մեջ կանգ առնելով միայն քաղաքական շարժառիթների վրա:
Խորհրդարանում ձևավորվել էր չորս քաղաքկան ուժերի դաշինք, համագործակցություն, որը թեև առաջին նախագահի կողմից կնքվել էր «Հրաշալի քառյակ» անունով, սակայն «հրաշալի» կարողանում էր պահանջել բացառապես ու միայն այն օրերի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ինչ-որ տեղ կարելի է պնդել նույնիսկ, որ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպանի անձը, ավելի շուտ նրա նկատմամբ մերժողական վերաբերմունքը դարձել էր չորս ուժերի համագործակցության «մերանը»: Անշուշտ, այս ամենում վերջին դերը չէր վերապահված Քառյակի լոկոմոտիվ կուսակցության՝ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու Տիգրան Սարգսյանի անձնական բարդ հարաբերություններին:
Տիգրան Սարգսյանը, սակայն, քննադատության թիրախ դարձավ ու միավորեց ոչ միայն «այլընտրանքայիններին» ու ընդդիմադիրներին, այլ նաև մշտապես վարչապետական հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին:
Ստեղծված իրավիճակում՝ Սերժ Սարգսյանն որոշեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը ու փողոցի պահանջից առաջ՝ Տիգրան Սարգսյանին կառավարությունից տեղափոխել դիվանագիտական աշխատանքի:
Հովիկ Աբրահամյանը բոլորի համար դարձավ «ազգային համաձայնության» խոհրդանիշ: Նա ներկայանում էր՝ որպես Սերժ Սարգսյանի «աջ թև» ու նաև խնամիական կապերով կապված էր ընդդիմության լիդերության սաղմնային հայտ ներկայացրած ուժի ղեկավարի հետ:
Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններում Աբրահամյանը ստանձնել էր քաղաքական կապավորի, հաշտարարի դերակատարություն, ինչ շնորհիվ էլ դարձավ վարչապետ ու կառավարության կադրային բանկն էլ լրիվ հարմարեցվեց քաղաքական կոնյուկտուրային, որպեսզի համակարգի որևէ սեգմենտ իրեն օտարված ու ժխտված չզգա ու նաև վստահ լինի, որ Արգամիչն ոչ միայն ու ոչ այնքան վարչապետ է, որքան՝ համակարգի կայունության գրավական, իշխանության ժառանգականության ապահովող, ես կասեի նույնիսկ՝ իշխանության ու ոչիշխանականների ստվերային համաձայնությունների լեգիտիմ ներկայացուցիչ:
Պաշտոնամուտի «մեղրամիսն» այդ «քաղցր» նոտայով էլ անցավ:
Հովիկ Աբրահամյանը զբաղված էր PR-ով, մարզային այցելություններով, հասարակական տարբեր խմբերի խոստումներ տալով: Այդ օրերին առաջին անգամ նկատեցի, որ պոպուլիզմով կարող է զբաղվել ոչ միայն ընդդիմությունն,, այլ նաև՝ գործադիր իշխանությունը, որը սովորաբար դառնում է ընդդիմախոսների պոպուլիզմի թիրախը:
Քանի դեռ Եռյակ-Քառյակը իր սիրած 12 պահանջների վրա էր ու սպասում էր ՙՙկկվի կանչին՚՚՝ սեպտեմբերի 30-ին, նախագահն էլ չէր ակտիվացրել սահմանադրական ռեֆորմի գործընթացը, այս երկրում երևում էր միայն մի մարդ՝ վարչապետն, ով անսովոր ակտիվ էր նույնիսկ հայ-ադրբեջանական լարվածության օրերին, երբ ջոկատավարի կարգավիճակով ՙՙպիոներ՚՚ պատգամավորներին սահմանի բերան էր տանում՝ վառոդի հոտն առնելու:
Սահմանադրական փոփոխություն կոչվածը դարձավ այն «կարմիր գիծը», որ բացահայտեց Հովիկ Աբրհամյանի «միջնորդական առաքելության» ֆիասկոն:
Մի կողմից պարզվեց, որ նա Սերժ Սարգսյանի համար քաղաքական ժառանգորդ չէ, այլապես անիմաստ կլիներ սահմանադրական փոփոխությունը: Մյուս կողմից, ակնհայտ դարձավ, որ Արգամիչի խնամին ավելին է ուզում, քան՝ իր հարազատին վարչապետի պաշտոնում տեսնելը ու այդ ավելին ստանալու համար պատրաստ է անգամ հրապարակ դուրս գալ ու կանգնել «Սերժիկ, հեռացիր՚» վանկարկողների կողքին:
Բոլորին բավարարող կառավարությունն՝ իր վարչապետով, արդեն բոլորին խանգարում է:
Սերժ Սարգսյանը սկսել է մտածել կամ շուտով կսկսի մտածել նոր իշխանության կոնֆիգուրացիայի մասին՝ նոր սահմանդրությանը հանգույն, որում նրան վարչապետի ուժեղ ֆիգուր պետք չէ:
Գագիկ Ծառուկյան էլ գուցե ցանկանա քննադատության ուղղակի թիրախ դարձնել նախագահին, սակայն դա չի կարող անել՝ առանց «բուֆերային գոտու» չեզոքացման…
Սուրեն Սուրենյանց