Ազգային ժողովի ոչ իշխանական «քառյակն» ապրիլի 30-ի նիստում քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Մենք որոշեցինք, որ այսօր կմասնակցենք քննարկմանը, նորից կներկայացնենք մեր առաջարկները և դրանից հետո կհստակեցնենք մեր անելիքները: Եթե չընդունվեն մեր առաջարկները, ապա հետագայում կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասաց Հակոբյանը:

 

Հարցին, թե շարունակում է օրակարգում մնալ կուտակային հարցով արտահերթ նիստ հրավիրալու մտադրությունը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ այսօր խորհրդարանական քննարկումների ընթացքում ամեն ինչ կհաստակեցվի:

 

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները, որով կասեցվում է պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել է, որ այս նախագծով «դե ֆակտո» կասեցվում է պարտադիր բաղադրիչը: