Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանու անդամները միաձայն հավանություն են տվել նաև Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 15 և թիվ 17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում տեղադրելու մասին որոշմանը։

 

Դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացել նաև Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը անվանի բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու, ինչպես նաև Սոս Սարգսյանի, Համո Սահյանի և անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերը: Պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է հավանության:

 

Հաշվի առնելով «Ա1+» հեռուստաընկերության կողմից իրականացվող գործունեության կարևորությունը մեր հասարակության համար, ինչպես նաև լրատվամիջոցի գրասենյակային պայմանները բարելավելու և աշխատանքային գործունեության կազմակերպմանն աջակցելու նպատակով, Երևան քաղաքի ավագանին համայնքի սեփականություն համարվող Փ.Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի 264.3քմ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 4 տարի ժամկետով տրամադրել է «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու անդամների հավանությանը:

 

Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին: