Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովի' իրանական Mehr լրատվական գործակալությանը, Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի մոտ ժամանակում Ադրբեջան այց կատարելու մասին արած հայտարարությունը քաղաքական շրջանակներում միանշանակ չի ընդունվել: Եթե պաշտոնական շրջանակներն այցը համարում են վերջին տարիներին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերություններում առկա սառնության մեղմացում, ապա քաղաքական փորձագետ Էլխան Շահինօղլուն գտնում է, որ Ռոհանիի Բաքու այցը ադրբեջանա-իրանական հարաբերություններում ոչինչ չի փոխելու:
«Ազադլիգ»-ի հետ զրույցում Շահինօղլուն ասել է, որ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի ապրիլի 9-ին Իրան կատարած մեկօրյա այցից հետո Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի արած հայտարարությունից երեւում է, որ կողմերի միջեւ չհամաձայնեցված բավական շատ հարցեր կան: Ըստ նրա' Իրանի հետ ամբողջությամբ մերձենալը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն են: Որոշ փորձագետներ գտնում են, որ Ռոհանիի այցը կապված է չհամաձայնեցված հարցերը կրկին քննարկման դնելու հետ:
Մյուս կողմից, Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան: Փորձագետների կարծիքով, հնարավոր է' Լիբերմանի հնգօրյա այցի արդյունքներն էլ են Իրանի համար հետաքրքիր, եւ այն, որ Ռոհանիի Բաքու այցը կատարվում է Լիբերմանի այցից հետո, եւս պատահական չէ:
«Իլհամ Ալիեւի այցից հետո Ռոհանիի Ադրբեջան այցը փոխադարձ ժեստի ցուցադրություն է: Երեւում է' երկու կողմն էլ շահագրգռված են հարաբերությունների մեղմացումով: Սակայն, իրանական կողմը կրկին նախապայմաններով է խոսում եւ Բաքվից պահանջում խզել Իսրայելի հետ հարաբերությունները: Բայց Բաքուն գտնում է, որ Իսրայելի հետ տնտեսական, ռազմական համագործակցությունն Իրանի հետ համագործակցությունից ավելի օգտակար է: Ես Ռոհանիի Բաքու այցից որակապես նոր փոփոխություններ չեմ սպասում: Իսկ Լիբերմանը եկել է կոնկրետ առաջարկություններով», - նշել է փորձագետը :
Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ Լիբերմանը Բաքվում իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ստորագրել է Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գերատեսչությունների միջեւ կանոնավոր դիվանագիտական խորհրդատվությունների մասին արձանագրություն: