Անցյալ տարի մամուլի ազատության ցուցանիշների վատթարացում է գրանցվել ամբողջ աշխարհում, այդ թվում' Միացյալ Նահանգներում: Միակ բացառությունը Սահարայից հարավ ընկած աֆրիկյան պետություններն են: Իսկ համաշխարհային մասշտաբով' այդ ցուցանիշները ամենացածրն են վերջին մեկ տասնամյակի ընթացքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության 2014» զեկույցում: Ուսումնասիրված 197 երկրներից և տարածքներից 63-ը գնահատվել են «ազատ», 68-ը' «մասամբ ազատ», իսկ 66-ը «լրիվ անազատ»:

 

Freedom House-ի ներկյացարած զեկույցի համաձայն' մամուլի ազատության ցուցանիշով առաջին տեղում են Նիդերլանդները, Նորվեգիան և Շվեյցարիան, այնինչ, վերջին տասնյակում են Կուբան, Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը: Ռուսաստանը վարկանիշային աղյուսակի 176-րդ տեղում է Եթովպիայի և Սուդանի հետ, Չինաստանը, Ադրբեջանը, Լաոսը և Վիետնամը կիսում են' 183-րդ տեղը: Ուկրաինան զբաղեցրել է 139-րդ հորիզոնականը: Իսկ Հայաստանը Էկվադորի, Թուրքիայի, Հարավային Սուդանի և Լիբիայի հետ զբաղեցնում է 134-րդ հորիզոնականը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Freedom House-ի նախագծի ղեկավար Կարին Կարլեկարը հայտնել է, որ անցած տարի ԱՄՆ-ում արձանագրվել է «իրավիճակի ամենամեծ վատթարացումը»: Նրա խոսքով' դա կապված է «առաջին հերթին նրա հետ, որ կառավարությունը փորձում է վերահսկել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվության տարածումը, և թե ինչպես է ազդում լրագրողների վրա' իրենց աղբյուրներին պաշտպանելու և առանց հսկողության և իրավական հետապնդումների աշխատելու խնդիրը»: