ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում:

 

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ՝ այցելել է Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ծննդատան շենքը կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով. այդ նպատակով հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:

 

Այնուհետև փոխվարչապետն այցելել է մարզի Հագվի համայնք, որտեղ ներկա է գտնվել համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 34 մլն դրամ, ծրագրի իրականացմանը որոշակի մասնակցություն է ունեցել նաև համայնքը:

 

Համայնքային նշանակության մեկ այլ ծրագիր է իրականացվում Ալավերդի քաղաքում. պետական և մասնավոր ներդրումներով վերանորոգվում է քաղաքի գեղարվեստի դպրոցի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38,5 մլն դրամ, որից 18 մլն դրամը տրամադրել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակը, 8 մլն դրամը՝ «Վալլեքս» խումբը, 12,5 մլն դրամ էլ հատկացվել է չորրորդ հրատապ ծրագրով:

 

Այնուհետև փոխվարչապետը Շնողում և Թեղուտում համայնքների ղեկավարների, «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ քննարկել է համայնքներում իրականացվելիք ծրագրերին, ինչպես նաև՝ ՀՀ Նախագահի' օրերս Լոռի կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են գազիֆիկացման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացման, այգիների հիմնման ծրագրերը, որոնց իրականացումը նախատեսվում է նաև «Վալլեքս» խմբի մասնակցությամբ:

 

Ա. Գևորգյանն այցի շրջանակում եղել է նաև Այրումի քառաստիճան պոմպակայանում, որը վերականգնվել էր 2011թ. «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրով: Մարզպետի և պատասխանատուների մասնակցությամբ քննարկել են ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգի վիճակի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հորդորել է աշխատանքներն իրականացնել առավելագույնս կազմակերպված՝ հաշվի առնելով, որ սպասվում է սակավաջուր տարի:

 

Աշխատանքային այցը փոխվարչապետն ավարտել է Դիլիջանում: Ա. Գևորգյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, որտեղ նրան ներկայացվել են շինարարության ընթացքն ու կատարված աշխատանքները: