1993-ին մայիսի 3-ը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից սահմանվեց որպես Մամուլի ազատության համաշխարհային օր, որից հետո ամեն տարի մայիսի 3-ը նշվում է որպես ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:
Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակը 1980-ից ուսումնասիրող Freedom House ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունը հրապարակեց նոր զեկույց, որում նշվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում մամուլի ազատությունն աշխարհում նվազել է՝ հասնելով նվազագույն ցուցանիշին:
Ըստ այդ զեկույցի՝ մամուլի ազատությունն աշխարհում ամենաշատը սահմանափակվում են Հյուսիսային Կորեայում և Թուրքմենիայում: Նրանցից հետո գալիս են Ուզբեկստանն ու Բելառուսը: Զեկույցը նշել է, որ Ռուսաստանում հեռուստաընկերությունները, ռադիոն և ԶԼՄ-ներն ամբողջովին գտնվում են իշխանությունների վերահոսկողության ներքո:
Մամուլի ազատությունները սահմանափակող պետությունների այդ ցուցակում է հայտնվել նաև Ադրբեջանը, որտեղ, ըստ զեկույցի, իրավիճակն ավելի է վատթարացել:
Հայաստանն ու Վրաստանը ճանաչվել են ԶԼՄ-ների համար համեմատաբար բարենպաստ և ազատ երկրներ: