Զինյալներին Հոմսի հին թաղամասերից հանելու գործընթացը կիրականացվի մայիսի 6-ին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին՝ ավելացնելով, որ Սիրիայի կառավարությունը երկու ամիս առաջ սկսել է զինյալներին հին քաղաքից հանելու գործընթացը: Նրա խո սքով, Հոմսի հին թաղամասերը զինյալներից ազատագրելու համար այժմ բանակցություններ են ընթանում: Մարզպետը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներում կհաջողվի զինյալներին ամբողջությամբ հանել Հոմսից:

 

«2500 մարդ, այդ թվում' 900 զինյալներ, պետք է հեռանան Բաբ Հուդ, Կարաբիս, ալ Քուսուր, ալ Համիդիե և Ջուրաթ աշ Շեյխ թաղամասերից, որտեղ զինյալները վերահսկողություն էին հաստատել շուրջ 2 տարի»,- ասել է Թալալ ալ Բարրազին՝ ավելացնելով, որ նրանք կտեղափոխվեն Հոմսի հյուսիսում գտնվող Դեր ալ Քբիր և Տալբիս: Բնակիչներին դուրս հանելու գործընթացը կիրականացվի ՄԱԿ-ի աշխատակիցների աջակցությամբ: Միևնույն ժամանակ 45 քրիստոնյաներ, ովքեր գերի էին ընկել զինյալների ձեռքում Հոմսի հին թաղամասերում, դուրս կհանվեն այնտեղից: Բացի այդ, տեղի կունենա գերիների փոխանակում:

 

Հաշտեցման պայմանների հաջող կատարման դեպքում 48 ժամվա ընթացքում Հոմսն ամբողջությամբ կլինի կառավարական ուժերի վերահսկողության տակ: