Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության և պետեկամուտների կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, Հայաստանի Հանրապետություն ապօրինի թմրանյութ ներմուծելու կասկածանքով, մայիսի 1-ին' ժամը 09.15-ին, «Բավրա» մաքսային կետից «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1975թ. ծնված Արթուր Հ.-ն: Խուզարկությամբ նրա բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է կպչուն ժապավենի մեջ փաթեթավորված գործարանային փաթեթավորմամբ «JAMAICAN GOLD 3gr.» գրառմամբ 4 փաթեթ, գոտկատեղից' կպչուն ժապավենով փաթեթավորված 3 հատ նույն գրառմամբ, գործարանային փաթեթավորմամբ նույն փաթեթից, իսկ բաճկոնի ձախ գրպանից' 1 հատ նույն փաթեթավորմամբ բացված փաթեթ, որի մեջ հայտնաբերվել է 1 գ կշռով բաց կանաչավուն գույնի, յուրահատուկ հոտով զանգված և 1 հատ բժշկական կաթոցիչ: Արթուր Հ.-ի ուղեբեռի զննությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված շոկոլադի «FABILEM» գրառմամբ մածուկի միջից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի թափանցիկ պոլիէթիլենային փաթեթի մեջ լցված, ընդհանուր 6 գ կշռով, մուգ շագանակագույն փոշենման զանգված:
Ըստ Արթուր Հ.-ի հայտարարության' առգրավված փաթեթների պարունակությունը «JAMAICAN» տեսակի թմրամիջոց է, որն օգտագործում են ծխելու միջոցով, իսկ փոշենման զանգվածը' կոկաին կամ հերոին տեսակի թմրամիջոց, որը գնել է Թուրքիայից և ապօրինի տեղափոխել Հայաստան' իր անձնական օգտագործման համար: Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ առգրավված 5.2 գ կշռով փոշենման զանգվածը հերոին տեսակի թմրամիջոց է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդված ի 3-րդ մասի և 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արթուր Հ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: