Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է խտրականության դեմ օրենքը. փաստաթուղթը հրապարակվել է երկրի «Օրենսդրական լրատու»-ում եւ, հետեւաբար, մտել է ուժի մեջ:

 

Վրաստանի խորհրդարանը «Խտրականության բոլոր ձեւերն արմատախիլ անելու մասին» օրենքն ընդունել էր մայիսի 2-ին: Փաստաթղթի համաձայն՝ երկրում արգելվում է խտրականությունը ցանկացած հատկանիշով: Մասնավորապես, օրենքի նպատակը մարդկանց իրավահավասարության սկզբունքների պահպանումն է՝ անկախ նրանց ռասայից, մաշկի գույնից, սեռից, քաղաքացիությունից, դավանանքից, ընտանեկան դրությունից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, քաղաքական հայացքներից եւ այլն:

 

Այդ օրենքի ընդունումը բուռն հակազդեցություն է առաջացրել պատրիարքարանի ներկայացուցիչների, առանձին ոչ կառավարական կազմակերպությունների եւ ուղղափառ խմբերի կողմից, որոնք վերջին շրջանում քանիցս բողոքի ակցիաներ են անցկացրել Թբիլիսիում եւ Քութայիսում: Մասնավորապես, երկրի պատրիարքարանը պահանջում էր խտրականության նշանների ցուցակից բացառել «սեռական կողմնորոշում» եւ «գենդերային ինքնություն» տերմինները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: