Ուկրաինայում այսօր պաշտոնապես ուժի մեջ է մտել օկուպացված տարածքների մասին օրենքը: Այս մասին հայտնում է РБК Украина‎-ն:

 

Ըստ այս օրենքի՝ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներ են ճանաչվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքն ու Սևաստոպոլ քաղաքը:

 

«Օրենքը նախատեսում է, որ ժամանակավոր օկուպացված տարածքները հանդիսանում են Ուկրաինայի անքակտելի մաս, որոնց վրա տարածվում են Ուկրաինայի Սահմանադրությունն ու օրենքները: Օկուպացված տարածքները ժամանակավորապես լքած Ուկրաինայի քաղաքացիներին երաշխավորվել է Ուկրաինայի Սահմանադրությամբ նախատեսված նրանց իրավունքների ու ազատությունների ամբողջական պահպանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: