Կառավարությունը փորձելու է իր իրատեսական ծրագրերով, քայլերով և ոչ ստանդարտ որոշումներով կամաց-կամաց վերականգնել վստահությունը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ՝ գործադիրը գնալու է այդ քայլին: «Մենք ունենք մեծ խնդիր տնտեսության ոլորտում, որը շատ կարևորում եմ: Տնտեսական աճը մեր երկրի, կառավարության համար պետք է լինի առաջնահերթ: Տնտեսական ոլորտում շատ անելիքներ ունենք, օրինակ, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, կարևորում եմ, որ յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա և տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են: Իհարկե, դժվար է լինելու, մեր մերձավորներին փորձելու ենք նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլընտրանք չունենք: Դա պետք է բոլորը հասկանան, այդ թվում իմ մերձավորները»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը սկսելու է իրենից, և դա իր համար լինելու է սկզբունքային: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր այս հայտարարությունը նաև մեսիջ է իր մերձավորներին, ընկերներին, յուրայիններին և ընդհանրապես տնտեսական աշխարհին: «Մեր երկրի առաջնահերթ խնդիրը լինելու է բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը»,-ասաց նա:
Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարության ծրագրում իրականացվող փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու, աշխատելու են, որպեսզի դրանք լինեն հնարավորինս իրատեսական: «Մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ ես չեմ ակնկալում, քանի որ ծրագիրն այժմ քննարկման փուլում է, ծրագրում հստակեցվելու են բոլոր դրույթները և իմ նպատակն է, որպեսզի այն, ինչ ծրագրում արտացոլվի, իրականացվի: Ես կառավարության բոլոր նորանշանակ անդամների առջև խնդիր եմ դրել, որ ծրագիրը համապատասխան նախարարն ըստ ոլորտի՝ իրականացնի, եթե ոչ, ճանապարհը չենք անցնի միասին: Դա լինելու է սկզբունքային»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ մենք այսօր այլևս դանդաղելու հնարավորություն չունենք, պետք է հնարավորինս ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ դա միանգամից չի կարող լինել, «չունենք այդ կախարդական փայտիկը, որ բոլոր խնդիրներին տանք լուծում»: Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ հստակ ժամանակ պետք է լինի ծրագրի համար և հանրությունը պետք է հասկանա, որ ծրագիրը կոնկրետ ժամկետում կիրականացվի:
Խոսելով կառավարության անդամների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրեր լինելու խոսակցությունների մասին՝ վարչապետն ասաց, որ չգիտի, թե ինչ գնահատական է: Կառավարության ձևավորման համար վարչապետի մոտ եղել է հստակ մի սկզբունք, որ բոլորը պետք է լինեն փորձառու: «Մենք դանդաղելու ժամանակ չունենք, մեր խնդիրները պետք է լինեն հստակ ձևակերպված և գնանք առաջ: Դա է իմ մոտեցումը, դրա համար նման որևէ մոտեցում ինձ մոտ չի աշխատում և չի էլ աշխատելու: Մարդուն՝ նախարարին, մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի աշխատի և կարողանա հայրենիքին, ժողովրդին ինչ-որ կերպ աջակցի, եթե չեն կարողանալու, ապա մեր ճանապարհները բաժանվելու են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով կոնկրետ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ գործարարների անվստահությանը՝ վարչապետը նշեց, որ բազմաթիվ խոսակցություններ, գնահատականներ են լինելու, բայց ինքը պետք է խնդրի, որպեսզի չշտապեն, հնարավորություն տան կառավարությանը: «Ես հանրության կարծիքի հետ միշտ հաշվի եմ նստելու ու շատ թափանցիկ ենք աշխատելու: Ով որևէ անձնական շահ կհետապնդի, մեզ հետ ճանապարհ չունի անցնելու: Դա շատ հստակ ձևակերպել եմ և դուք բոլորդ կտեսնեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: