Գյումրին ֆանտաստիկ քաղաք է զբոսաշրջության զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մարզի համայնքների ղեկավարների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը, որին ներկա էին նաև նախարարներ, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց կատարված աշխատանքներն ու անելիքները: Խնդիրներ կան արդյունաբերության, քաղաքաշինության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում՝ այս ոլորտներին վերաբերող հարցերը, ոլորտների ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենք բարձրացրերին, իսկ կրթության ու առողջապահության ոլորտներում հնարավոր խնդիրների մասին անձամբ վարչապետը խոսեց:
Կարեն Կարապետյանը նշեց, որ անելիքներ կան բայց այդ անելիքները պետք է համակարգված բոլորի կողմից իրականացվեն: Վարչապետը նաև հավաստեց, որ պատրաստ է կանգնելու ցանկացած լավ ու համարձակ գաղափարի կողքին: «Մեր բոլորիս քայլերը պետք է կառուցվեն մեկ գաղափարի շուրջ՝ յուրաքանչյուրիս գործն է մեր երկիրը, մեր քաղաքը փոխել և դրա նախաձեռնությունը պետք է ծնվի այստեղից»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում հնչած առաջարկները և հարցերը վարչապետը հանձնարարեց ներկայացնել համապատասխան նախարարությանը և գերատեսչությանը՝ այն վստահությամբ, որ դրանք կքննարկվեն, իսկ լավագույները կառավարության աջակցությունը կստանան:
Արմենուհի Մխոյան