Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, նրա ընտանիքի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի այցը Հայաստան հայտնվեց համաշխարհային մամուլի ուշադրության կիզակետում: Ամերիկյան The New York Times-ը, անդրադառնալով Քարդաշյանների այցին, նշել է, որ այն զբոսաշրջության խթանման լավագույն նվերն է, որ մինչս օրս ստացել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նշում է, որ պատմական հայրենիք կատարած ճանապարհորդության ընթացքում հեռուստատեսային աստղն ընտանիքի անդամների հետ այցելել է պատմական կարևոր նշանակություն ունեցող մի քանի վայրեր և պարբերաբար գրառումներ կատարել Ինսթագրամի իր էջում, որը մոտ 30 մլն հետևող ունի: Իսկ նրա հետ Հայաստան այցելած քրոջը' Քլոե Քարդաշյանին, Ինսթագրամի էջում հետևում է 19 մլն մարդ:
Միաժամանակ The New York Times-ը նկատում է, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու համար Ինսթագրամում հատուկ բացված էջ չկա:
Ութօրյա այցելության ընթացքում հայտնի ընտանիքը եղել է Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, ապա հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում հետ քննարկվել է 20- րդ դարում Օսմանյան թուրքերի կողմից իրականացված զանգվածային կոտորածների զոհերի 100-րդ տարելիցի ոգեկոչմանը հարցը: «Պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով արտահայտեց իր հպարտությունն այն կապակցությամբ, որ մենք հպարտ հայեր ենք և չենք մոռացել մեր արմատները»,- Ինսթագրամում նման գրառում է կատարել Քիմ Քարդաշյանը:
Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եղել են նաև Գյումրիում, որը համարվում է հայտնի ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի նախնիների հայրենի քաղաքը: Իսկ վերջին օրը Քանյե Ուեսթը Կարապի լճում հանպատրաստից կազմակերված համերգով հրաժեշտ է տվել իր կնոջ հայրենիքին' անմոռանալի գիշեր պարգևելով հայաստանցիներին:
The New York Times-ը նաև գրում է, որ Քարդաշյանների հիշարժան այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցել, աշխարհի ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի պատմության ամենամութ էջի վրա: Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը,Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է &l aquo;20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», որից բարկացած Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին: