Ազգային ժողովը քննարկում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսական հաշվառման կանգնելը իրականացնել կամավորության եւ անվճարության սկզբունքների հիման վրա՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով հաշվառվել հեռակա կարգով՝ համապատա սխան կայքի միջոցով: «Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կերպ են վարվում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, որտեղ հյուպատոսական հաշվառման հիմնական իմաստը հանդիսանում է քաղաքացիներին արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու եւ նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը: Առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ոչ միայն ապահովել այդ սկզբունքները, այլեւ հնարավորինս նպաստել Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) համակարգի միասնականության, ամբողջականության եւ հավաքագրվող տվյալների ճշգրտու թյան ապահովմանը»,-ասաց հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

 

Քոչարյանը տեղեկացրեց, որ հյուպատոսական հաշվառման մասով նոր սկզբունքների որդեգրման անհրաժեշտությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում է հայտնվել 2010թ.: Այնուհետեւ, 2011թ. մարտին կազմվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները (միջազգային փորձը), օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագիծը եւ քննարկվել են խնդրի հետ կապված մի շարք ասպեկտներ, այդ թվում' զինապարտության հետ կապված առանձնահատկությունները:

 

Հիմնական գաղափարը եղել է այն, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը պետք է լինի կամավորության սկզբունքով, ինչը նշանակում է, որ դա պետք է լինի անվճար եւ հասանելի նաեւ հեռակա կարգով, այսինքն' պետք է գործի համապատասխան էլեկտրոնային կայք: «Այս մոտեցումը քննարկվել է ՀՀ կառավարության կողմից եւ ընդունվել»,- նշեց փոխարտգործնախարարը:

 

Նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի հյուպատոսական հաշվառման ոլորտը՝ այն դարձնելով հանրամատչելի եւ դյուրին գործընթաց: Քաղաքացիները կկարողանան կանգնել հյուպատոսական հաշվառման ցանկացած վայրից՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային կայք: Հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալները կարեւոր նշանակություն կունենան մի շարք պետական մարմինների համար իրենց ոլորտի պետական քաղաքականության մշակման համար (վիճակագրություն, սոցիալական հարցեր, միգրացիա, ընտրական իրավունք, օպերատիվ տեղեկատվություն, սփյուռքի հարցեր եւ այլն):