Եվրոպայի Խորհրդարանի փոխնախագահ Օթմար Կարասը հայտարարել է, որ թեեւ երկար տարիներ Եվրոպական Միությունն աջակցություն է ցուցաբերել Թուրքիայի' ԵՄ անդամակցությանը, սակայն, վերջին ամիսներին այդ երկրում տեղի ունեցած գործընթացները ցույց են տալիս, որ Թուրքիան հեռացել է Եվրոպայից:
Թուրքական «Զաման» թերթի հետ զրույցում Կարասն ասել է, որ Եվրոպայից Թուրքիայի հեռանալը «ցավալի» է երկու կողմերի համար էլ: Ավստրիացի քաղաքական գործիչն ասել է. «ԵՄ-ն միայն ընդհանուր շուկայից չի կազմված: Այն ներառում է կրոնական ազատության, ժողովրդավարության, մարդու պատվի եւ միության հիմնարար արժեքների նկատմամբ հարգանք դրսեւորելու նման խիստ կարեւոր հասկացողություններ»:
Օթմար Կարասը, ով պատրաստվում է մայիսի վերջին տեղի ունենալիք ընտրություններում Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունից առաջադրվել Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար, հայտարարել է. «Մենք կողմ քվեարկեցինք Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները շարունակելու օգտին: Սակայն, վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները Թուրքիային ավելի հեռացրեցին ԵՄ-ից: ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկիրը պետք է ընդունի Միության բոլոր արժեքները եւ կյանքի կոչի բոլոր պայմանները: Բայց նաեւ հստակ է, որ Թուրքիան ինքը պետք է որոշի, թե որ ուղղությամ բ պետք է առաջ ընթանա»: