Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոշոր կազմակերպությունների համար պարտադիր աուդիտը վերացնող օրինագիծը քայլ առաջ է համարում, սակայն բավարար չի համարում: Ազգային ժողովում «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտը, Հրանտ Բագր ատյանը նշեց, որ հարկավոր է պարտադիր աուդիտը վերացնել ոչ միայն խոշոր, այլ անխտիր բոլոր կազմակերպությունների համար: «Ես համաձայն եմ, որ սա քայլ առաջ է, սակայն ինչո՞ւ թեթևացնել խոշոր կազմակերպությունների բեռը, սակայն դա չանել մնացած կազմակերպությունների համար: Ես կարծում եմ, որ մենք այս օրինագիծը պետք է տարածենք բոլոր կազմակերպությունների վրա և համապարփակ բարեփոխում իրականացնենք»,-ասաց Բագրատյանը:
Նա նշեց, որ իր համար անընդունելի է ներկայացված նախագիծը, թեև այն որոշակի ֆինանսական բեռից զրկում է խոշոր կազմակերպություններին, սակայն միևնույն ժամանակ պետք չէ ֆինանսական լրացուցիչ բեռը թողնել մյուս կազմակերպությունների վրա:
Ազգային ժողովը քննարկում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո' աուդիտորական եզրակացության հետ, սակայն նախագծով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը խոշոր կազմակերպությունների համար: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից: