Ստվերի դեմ պայքարի տեսանելի արդյունքները կլինեն հուլիսի 1-ից հետո, սա վերջնաժամկետ չէ, պարզապես սահմանագիծ է գծված, որից այն կողմ պետությունը պետք է իր վերաբերմունքը ցույց տա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարտիտյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությանը: Նախարարը կարծիք հայտնեց, որ մինչ այս կառավարության քայլերը ստվերի դեմ պայքարում որոշակի արդյունքներ տվել են, բայց դրանք պետք է ավելի զարգացնել: Հարցին՝ ստվերը որքա՞ն կկրճատվի, Ճշմարիտյանը նշեց. «Կանխատեսումների մասով թվերի լեզվով խոսելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»:
Նրա խոսքով՝ պետությունն օգտագործելու է այն լծակները, որոնք գոյություն ունեն կառավարության լիազորություններում: Մյուս հարցին՝ եթե տնտեսվարողներից որևէ մեկը խաղի կանոնները չընդունի, ո՞րն է լինելու կառավարության քայլը՝ Ճշմարիտյանը նշեց. «Կարծում եմ, ինքներդ ավելի լավ գիտեք»:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ ինքն իրենից է սկսելու' նախարարը նշեց, որ վարչապետը նկատի ունի իր մտերիմներին, «քանի որ բավականին մեծաթիվ մարդիկ կան, որ մեր բոլորի մտերիմներն են»: