Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի փոփոխություն չի նախատեսվում, հետևաբար, դրանց գներն էլ չեն փոխվելու: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով կառավարության գործունեության ը և նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ըստ պայմանավորվածության՝ մաքսային տոկոսադրույքների չափերի փոփոխությունն իրագործվելու է փուլային սկզբունքով, որպեսզի այն սոցիալական ցնցումների պատճառ չդառնա:
Անդրադառնալով ԵՏՄ տարածքից ներկրվող ցորենի գնին՝ ԼՂՀ վարչապետը շեշտել է, որ դրա մաքսային ռեժիմը նույնպես պահպանվելու է որոշ ժամանակահատված, այլապես' տեղական արտադրողները լուրջ խնդիրների կառերեսվեին: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում, երբ ուժի մեջ մտնի նոր մաքսային ռեժիմը, հնարավորություններն ու խնդիրներն ավելի տեսանելի կլինեն, և կառավարությունը համապատասխան հետևություններ կանի դրանցից:
Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված արտարժույթի փոխարժեքի տատանումներին և դրանց հետևանքով գրանցված գնաճին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այդ անկայունությունը լրջագույն մարտահրավեր է տնտեսության համար, սակայն կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել ծագող սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով:
Վարչապետ Հարությունյանը պատասխանել է մի շարք այլ հարցերի՝ գալիք տարվա ծրագրերի ու ակնկալիքների, 2014թ. ձեռքբերումների և բացթողումների և այլ թեմաների վերաբերյալ: