Ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիչարդի և Էմանուել Բաչի ձեռքից Բաքվի օդանավակայանում մայիսի 14-ին խլել են բոլոր նկարահանող սարքավորումներն ու նյութերը, որոնք նրանք պատրաստել էին Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցի ընթացքում:

 

Վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ֆրանսիական Premier Lignes պրոդյուսերական ընկերության թղթակիցներին, ովքեր ուղեկցում էին Նախագահ Օլանդին, Փարիզ մեկնող ինքնաթիռ բարձրանալու ժամանակ կանգնեցրել են, տարել ոստիկանական բաժանմունք, և բոլոր նյութերը նրանցից խլելուց հետո միայն թույլ տվել բարձրանալ ինքնաթիռ: Ֆրանսիացի լրագրողներն պատրաստել էին Ադրբեջանում մարդու իրավունքների և տնտեսական վիճակի մասին պատմող նյութեր: Լրագրողներին Բաքվում բերման են ենթարկել այն օրը, երբ Ադրբեջանն ստանձնում էր Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 6-ամսյա ժամկետով նախագահությունը:

 

Premier Lignes հանրային հեռուստաալիքի հետազոտական ծրագրի գլխավոր խմբագիր Բենուա Բրինջերը BBC-ին հայտնել է, որ ֆրանսիացի լրագրողները, ովքեր Օլանդի այցից հետո որոշել էին Բաքվում մնալ ևս երկու օր, չեն ցանկացել Փարիզ վերադառնալ առանց իրեն կատարած աշխատանքի արդյունքների, սակայն, ադրբեջանցի իրավապահները նրանց հարկադրաբար նստեցրել են Ֆրանսիա թռչող ինքնաթիռ: Բրինջերը չգիտի ֆրանսիացիների ձեռքից նյութերը խլվելու պատճառը:

 

«Կարող է ընդամենը միայն մեկ պատճառ լինել. երևի դա կապված է նկարահանված և պատրատված նյութերը նրանց կողմից չտարածելու Ադրբեջանի իշխանությունների ցանկության հետ, ինչի համար նրանք դա կանխել են», -ասել է Բրինջերը և հավելել, որ եթե ԵԽ-ում նախագահությունը ստանձնած Ադրբեջանը նման մեթոդով խոչընդոտում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները հասարակությանը հասցնելու լրագրողների ջանքերին, ապա դա ինքնին ցույց է տալիս Ադրբեջանում մարդու իրավունքների և մամուլի ազատության իրական վիճակը: «Դա շատ վատ է Ադրբեջանի հեղինակության համար», -նշել է նա:

 

Բենուա Բրինջերը հայտնել է, որ տեղի ունեցածի մասին տեղեկացված են Ֆրանսիայի ԱԳՆ-ն, Բաքվում Ֆրանսիայի դեսպաանատունը և համապատասխան այլ կառույցներ, ինչպես նաև «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, և հեռուստաալիքը սպասում է նրանց արձագանքին:

 

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջան էր այցելել մայիսի 11-12-ին:

 

Ֆրանսիական Le Monde-ն հայտնել է, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ով օրերս ապօրինի հետապնդումների էր ենթարկվել Բաքվում, Ֆրանսիայի Նախագահին պատմել է Ադրբեջանում տիրող ավտորիտար և հանցագործ ռեժիմի մասին: