Հայոց ցեղասպանության տարելիցի օրը' ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը: Այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
«Ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումը կանցկացվի Կոմիտասի կիսանդրու մոտ: Միջոցառմանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահի ելույթը: Դա կլինի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը նրա վերջին խոսքը որպես Ֆրանսիայի նախագահ»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ հրավիրվել են նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները: Նրա խոսքով, եթե նրանք ցանկություն հայտնեն, ապա նույնպես հիշատակի միջոցառմանը ելույթ կունենան:
Ոգեկոչման միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև երթ, սակայն դա տեղի կունենա ապրիլի 22-ին: Ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն է, այդ օրը հայ համայնքը միջոցառումներ չի նախատեսել: