Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, այս պատճառով էլ առաջիկա շաբաթները կանցնեն Ցեղասպանության հիշատակությամբ, գրում է TACC-ը:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մի մասն է, Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր երկրում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու հիմա ապրողների արժանապատվությունը»,- ասել է Մակրոնը:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել էր ամիսներ առաջ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: