Թուրքիայում ցնցում են առաջացրել ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութերն ու լուսանկարները, որոնցում երեւում է, թե ինչպես Մանիսայի նահանգի Սոմա քաղաքում ածխահանքի փլուզման հետեւանքով մեծ թվով հանքափորների զոհվելու կապակցությամբ դեպքի վայր ժամանած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դեմ բողոքող քաղաքացիներից մեկին հարվածում է բռունցքով, իսկ նրա խորհրդական Յուսուֆ Յուրքելը ուժգին աքացի է հասցնում մի այլ քաղաքացու:

 

Այդ տեսարանները հրապարակած թուրքական sozcu.com լրատվական կայքը հիշեցրել է Էրդողանի խոսքն այն մասին, որ քաղաքացուն բռունցքով հարվածող քաղաքական գործչին քաղաքացին նման պատասխան կտա ընտրությունների ժամանակ: «Քաղաքացին էլ բռունցքով կհարվածի ընտրաքվեատուփում», -ասել էր նա:

 

Կայքը հայտնում է, որ Էրդողանի խորհրդական Յերքելը BBC-ին խոստովանել է, որ քաղաքացուն ոտքով հարվածողն ինքն է եղել:

 

Թուրքական հանրությանը զայրացրել է այն, որ մեծաթիվ հանքափորների զոհվելու կապակցությամբ ամբողջ Թուրքիան սգի մեջ լինելու օրը, վարչապետն ու նրա խորհրդականը ձեռք են բարձրացրել վշտի մեջ թաղված քաղաքացիների վրա, ավելին, Սոմայի ածխահանքի սեփականատիրոջ հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ժպիտով ողջունել եւ սեղմել է նրա ձեռքը:

 

Կայքը մեջբերել է խորվաթ բասկետբոլուհի Անտոնիա Միսուրայի Twitter-յան գրառումը, որում նա թուրք քաղաքացուն աքացի հասցնող Յուսուֆ Յերքելի մասին գրել է. «Բարեւ Յուսուֆ Յերքել…Դու պետք է Էրդողանի շունը լինես»:

 

Սոմայի ածխահանքում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը, պաշտոնական տվյալներով, հասել 287-ի: Ոչ պաշտոնական տվյալներով շրջանառվում է 350թիվը: Աղետի պատճառով Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված: