Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նախագծով առաջարկվում է բացառե լ ընտրությունների ժամանակ հատուկ ձևով ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: «Առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ընտրակեղծիքների դեմ պայքարով, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ վերահսկողության վերացման անհրաժեշտությամբ»,-ասաց Ուրիխանյանը՝ բերելով նախորդ ընտրությունների օրինակները:

 

Նա ընդգծեց, որ եղել են նախադեպեր, երբ ընտրողները, կարծես թե, օրենսդրությամբ չարգելված ձևով հատուկ կերպով ծալելու միջոցով առանձնացրել են իրենց քվեաթերթիկները մյուսներից, ինչի արդյունքում հնարավոր է եղել դրանք տարբերակել: Փոփոխությունը նպատակ ունի կարգավորելու այդ հարցը:։ «Այս նախագծով ես առաջարկում եմ արգելել քվեաթերթիկների տարբերակումը»,- նշեց Ուրիխանյանը։

 

Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը քաղաքական մեծամասնության պատրաստակամությունը հայտնեց՝ պայքարել վերահսկվող ընտրությունների դեմ, միաժամանակ, սակայն, առաջարկեց նախագիծն ԱԺ օարակարգ ընդգրկելու հարցը հետաձգել մեկ տարով։ «Խնդիրը, որն առկա է, այս նախագծով չի լուծվում, հակառակը՝ ավելի ենք շփոթության մեջ դնում և հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ ընկալման գործիք ենք դարձնում անվավեր քվեաթերթիկների ճանաչումը։ Հանձնաժողովի անդամը կարող է անվավեր քվեաթերթիկը ձեռքի մեկ շարժումով ծալել՝ դարձնելով անվավեր։ Մենք լրացուցիչ գործիք ենք տալիս հանձնաժողովին որոշելու քաղաքացու կամարտահայտությունը՝ անվավեր ճանաչել, թե ոչ»,–ասաց Սահակյանը։

 

Օրինագիծը մինչև մեկ տարով հետաձգելու Սահակյանի առաջարկն Ուրիխանյանը մերժեց։ Այս պահին հանձնաժողովի նսիտն ընդմիջվել է և կշարունակվի 13:30–ին։