Գերմանիայի գավաթի խաղարկությունից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է այդ խաղին, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին և նշել.
«Գավաթի խաղարկության եզրափակիչը յուրահատուկ խաղ է լինելու: Մենք ցանկանում ենք հաղթել և մենք կարող ենք դա անել: Հաջորդ մրցաշրջանում ելույթ չենք ունենալու' երկրորդը լինելու համար: Եթե մեր բոլոր ֆուտբոլիստներն առողջ լինեն, ապա մեր թիմն ավելի ուժեղ կլինի, քան հիմա: Ցանկանում ենք բարդ մրցակից լինել: Իմ խնդիրը չէ մտածել, թե ինչ են անում «Բավարիան» և Գվարդիոլան: Դա իրենց խնդիրն է: Մենք խաղում ենք մեր խաղը: Ֆուտբոլն իսկապես իմ կյանքն է: Ես ապրում եմ ֆուտբոլով: Դա միակ բանն է, որ ունեմ: Երբեք չեմ հոգնում ֆուտբոլ խաղալուց»,- նշել է Մխիթարյանը:
Այն հարցին, թե որքանով է ազդել ֆուտբոլիստ դառնալու որոշման վրա Մխիթարյանի հայրը, ֆուտբոլիստը պատասխանել է.
«Նա ինձ համար շատ կարևոր էր: Դեռևս երբ փոքր տղա էի, ցանկանում էի անպայման լինել նրա յուրաքանչյուր մարզմանը, երբեմն հայրս տանում էր ինձ իր հետ: Սակայն լրջորեն սկսեցի մարզվել 7 տարեկանում: Այժմ ֆուտբոլ խաղում եմ հանուն հորս»:
«Ֆուտբոլիստների նկատմամբ ճնշումը, կարծում եմ' ոչ մի տեղ այնքան մեծ չէ, որքան Գերմանիայում: Մարդիկ լրագրողների պես ուշադրություն են դարձնում ֆուտբոլիստներին ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս' ինչ մեքենա ես վարում, «Ֆերարի» է դա, թե ավելի համեստ մեքենա: Սակայն այդ ամենը վատ չէ: Սա ֆուտբոլ է»,- հավելել է կիսապաշտպանը:
Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին' Մխիթարյանը նշել է.
«Ես շփվում եմ նախկին մի քանի թիմակիցներիս հետ: Չէի ցանկանա որևէ քաղաքական հայտարարություն անել, սակայն այս իրավիճակը ճնշում է ինձ: Իմ մի քանի ընկերները գնացել են այնտեղից: Եթե ամեն ինչ հանդարտվի, միգուցե նրանք վերադառնան: Մյուս կողմից' ընկերներ ունեմ, ովքեր մնացել են Դոնեցկում: Դժվար է, սակայն նրանք շարունակում են այնտեղ ապրել: Այնտեղ խաղալուս 4 տարիների ընթացքում այս ամենի մասին չէր կարելի նույնիսկ մտածել: Որ նման բան կարող է տեղի ունենալ, ինձ համար հավասար էր մեկ տոկոսի: Սակայն կյանքում երբեք չես իմանա' ինչ կլինի վաղը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է bvb-russia.com-ը: