Հայաստանի կառավարությունը կշարունակի արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրագործումը՝ առկա գործիքակազմի ընդլայնմամբ, ինչպես նաև կհամալրվի նոր ու արդիական գործիքակազմով: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որի հաստատման հարցն ընդգրկված է մայիսի 19-ին հրավիրված գործադիր մարմնի արտահերթ նիստում:
Գործադիրը նախատեսում է սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման գործիքի վերանայում՝ շեմի աստիճանական իջեցմամբ: Գործադիրը կխթանի լոգիստիկ կենտրոնների հիմնադրումն ու գործարկումը, ռազմատնտեսական համալիրի մասով կիրականացնի նպատակային ծրագրեր' գիտատար և հեռանկարային ճյուղերի զարգացման նպատակով արտերկրի հետ համագործակցության խորացման հնարավորությունների առավելագույն իրացմամբ: Գգլոբալ տեխնոլոգիական ընկերությունների կողմից տեղական ընկերություններին տրված պատվերների շրջանակում նորարարական աշխատանքների իրականացման դեպքում կտրամադրվեն դրամաշնորհներ' նախագծի ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, ինչպես նաև կհամաֆինանսավորվեն նորարարությունների արտոնագրման ծախսերը:
Կառավարությունը կաջակցի նաև Հայաստանի մի քանի խոշոր (այդ թվում' պոտենցիալ) առևտրային գործընկեր երկրներում հայկական առևտրային տների ստեղծմանը:
Կառավարության նոր ծրագիրը մշակվել է' հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված համադրելի գաղափարները: