Ազգային ժողովը մայիսի 20-ին քննարկում է Կառավարության ծրագիրը:

 

Պատգամավորներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հերթագրվածների թիվը տեսնելով՝ Աբրահամյանը կատակեց. «Նախկին վարչապետին այդքան հարցեր չէիք տալիս», ինչին ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Ինչքան հարցեր տվել եմ Տիգրան Սարգսյանին, ավելի դժվարները Ձեզ եմ տալու»:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե Սահմանադրությամբ կառավարության ներկայացուցն իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, կառավարության կազմում չկա՞ն ձեռնարկատերեր, Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ինքը նման տեղեկություն չունի:

 

«Եթե ես իմանամ, որ կառավարության կազմում որևէ մեկը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում' այդ մարդն անմիջապես կհեռացվի կառավարությունից»,- ասաց Աբրահամյանը:

 

Անդրադառնալով կադրերի նշանակման սկզբունքին՝ վարչապետն ընդգծեց, որ կադրեր նշանակվելիս հաշվի է առել առաջին հերթին նրանց պրոֆեսիոնալ որակները. «Եթե նման մարդիկ կան' կառավարությունից կհեռանան: Յուրաքանչյուր կադր էլ, որ նշանակենք, նույնիսկ Ձեզ, էլի մարդիկ կլինեին, որ կասեին՝ վատ կադր եք նշանակել: Մենք ձգտել ենք, որ կադրերը լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ: Իմ՝ կառավարությունը ձևավորելուց հետո առաջին իսկ ելույթում ասել եմ՝ այն անդամը, որ չի լուծի իր առջև դրած խնդիրները կամ չի իրականացնի կառավարության ծրագիրը, կհեռացվեն, ես այդ սկզբունքը պահելու եմ»,- ասաց նա:

 

Մանուկյանն արձագանքեց վարչապետի խոսքին և նշեց, որ արդեն ասել են, որ իրենք որևէ կառավարության հետ մտադիր չեն պատասխանատվություն վերցնել:

 

«Մեր խնդիրն ուրիշի հետ է: Դուք Ձեր իսկ կադրային նշանակումներով հերքեցիք Ձեր նախնական խոստումները»,- ասաց Մանուկյանը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց Արամ Մանուկյանին. «Ինչ-որ մեր բախտը բերել է, որ դուք չեք ուզում աշխատել մեզ հետ, թե մեր, թե ժողովրդի»: Մանուկյանը խնդրեց մեկնաբանել ասածը, ինչից հետո Սահակյանը նշեց. «Դրա համար կարելի է ոչ ջրիկ հարցեր տալ: Մեր տեսքը ձեզ դուր չի գալիս, դա ուրիշ հարց է»: