«Սիրելի' կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

 

Դուք մարմնավորում եք իրական հույսը, հավատն ու սերը' գեղեցկության ու բարության հետ այդ ամենն ամբողջացնելով մեր ընտանիքներում եւ շրջապատում: Այս տոնը ոչ թե հիշեցնում է ձեր մասին, այլ' եւս մեկ անգամ ընդգծում ձեզ որպես կին, մայր, որպես քույր ու դուստր, ընդգծում ձեր ներկայությունն ու մասնակցությունը ոչ միայն մարդկանց անձնական, այլ պետության ու հասարակության կյանքում ընդհանրապես: Այդ մասին մշտապես արձանագրում է պատմությունն իր ամփոփագրերում, եւ ժամանակն' իր անընդհատ շարունակականության մեջ:

 

Սիրելի' կանայք, դուք հավասարակշռություն եք ապահովում թե՛ ընտանեկան, թե՛ պետական ու քաղաքական միջավայրում, միեւնույն ժամանակ, ճիշտ պահին անհրաժեշտ անհավասարակշռություն ստեղծելով հօգուտ դրականի, բարու, հօգուտ այն ամենի, ինչը գեղեցկացնում է աշխարհը' հաճախ այդ կերպ փրկելով այն: Կարողանալով արարել ու ստեղծել' դուք նաեւ կարողանում եք պահպանել ու պաշտպանել այդ ստեղծածը' յուրովի նպաստելով մեր մշակութային, քաղաքական ու տնտեսական ներուժի ավելացմանը: Դուք այդպես վարվել եք մշտապես' թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում, թե՛ պետականության գոյության, թե՛ դրա բացակայության ժամանակ' ընտանիքին վերաբերվելով հայրենիքի հիմնասյան, հայրենիքին'սեփական ընտանիքի նման:

 

Թեպետ աշխարհաքաղաքական ելեւէջումներն իրենց ազդեցությունն են թողնում նաեւ ներհասարակական փոխհարաբերությունների ու ազգային արժեքների վրա' երբեմն նաեւ իրենց մեջ անհարիր պարտադրանքի տարրեր ներառելով, բայց դուք, սիրելի հայրենակցուհիներ, հավատարիմ եք գեղեցիկի ու սիրո մե'ր արժեհամակարգին, ինչը կենսական է մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար: Իսկ դա բնավ չի խանգարում քայլել ժամանակին համընթաց, հաջողությամբ դրսեւորվել աշխատանքում, արվեստում ու քաղաքականության մեջ' միաժամանակ մնալով ընտանեկան օջախի հավատարիմ պահապանը: Հասկանալով, թե որքան դժվար է դա, պետությունը ձգտում է լինել ձեր աջակիցը, կիսել ձեր ծանրաբեռնվածությունը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ջերմությամբ ու գեղեցկությամբ լեցուն այս տոնի առթիվ' մաղթում եմ ձեզ, սիրելի կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն»: