Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի շտապում գնահատականներ տալ կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հարկավոր է սպասել հայտարարությանը, որով պատրաստվում է հանդես գալ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: «Հարկավոր է սպասել Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը, որն ինչպես իրենք են ասել, տեղի կունենա ապրիլի 25-ին: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ քաղաքական ֆորմատների փոփոխությունը երկրում ընթացող բարեփոխումների վրա մեծ ազդեցություն չի ունենա»,- ասաց Սահակյանը:

 

Նա նշեց, որ քաղաքական դաշտի համար անհրաժեշտ է ՕԵԿ-ի քաղաքական մեկնաբանությունը, որը դեռևս չի արվել, ուստի դեռևս վաղ է խոսել, թե ինչ վիճակում կհայտնվի կուսակցությունը կոալիցիայից դուրս գալուց հետո: «Քաղաքական հայտարարությունից հետո կլինեն վերլուծություններ, և հնարավոր կլինի գնահատական տալ ստեղծված իրավիճակին»,- ասաց Սահակյանը:

 

Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը կոալիցիա էր մտել իր նախընտրական ծրագիրն իրականացնելու համար, Գալուստ Սահակյանը նշեց, որ չի կարծում, թե ՕԵԿ-ը, կոալիցիայի մաս կազմելով, որևէ ծրագրի մասնակից չի եղել: «Իսկ ավելի լուրջ դերակատարում ընտրություններից հետո կարողանում է ունենալ մեծամասնությունը: Դրա համար անհրաժեշտ է ընտրություններում հաղթել և մեծամասնություն ունենալ»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Հարցին, թե կարո՞ղ է ՕԵԿ-ը ընդդիմություն դառնալ, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ այդ մասին դեռևս հայտարարություն չի եղել, իսկ ՕԵԿ-ն այս պահին ուղղակի ոչ իշխանական ուժ է դարձել: «Իսկ ժողովուրդը, հասարակությունը պատրաստ կլինե՞ն ՕԵԿ-ին որպես ընդդիմություն ընդունել, կախված կլինի կուսակցության հետագա գործունեությունից, թե ինչ ուղիներով է իր հետագա ճակատագիրը պատկերացնում»,- ասաց նա:

 

Ապրիլի 16-ին ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը որոշում է կայացրել կոալիցիայից դուրս գալու մասին: ՕԵԿ-ական նախարարների երեք պաշտոնակատարներ՝ Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը և Արմեն Երիցյանը, նպատակահարմար չհամարելով կուսակցության որոշումը, որոշել են դուրս գալ ՕԵԿ-ից: