Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող քաղաքականության, մեր երկիր փող բերող գործարարների հուզող խնդիրների և 2018 թվականի սպասելիքների մասին ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ․

-Պարո՛ն Ղազարյան, 2017-2018 թվականներին  Հայաստանում փող ներդնող և բիզնես ծավալող գործարարներն ի՞նչ խնդիրներ ունեցան:

 

-2017 թվականին գործարար միջավայրը փորձում էր հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները, որոնք 4 տարի անընդմեջ իրենց բացասական ազդեցությունն էին տարածում մեր տնտեսության վրա: Մյուս կողմից` ԵԱՏՄ-ին մեր անդակակցությունից հետո էլ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու ռուսական ռուբլու արժեզրկումը հավելյալ բարդություններ ստեղծեցին մեր բիզնեսմենների համար, և այս առումով կարելի է ասել, որ 2017 թ․-ը գործարարության համար բեկումնային տարի էր: Այդ ամենով հանդերձ, սակայն, 2017 թ.-ին մենք ունեցանք նաև ներդրումների ու արտահանումների աճ, ստեղծվեց հարկային և մաքսային օրենսգիրք, որոնցում արված փոփոխությունները ներդրումների ակտիվացման համար լավ հող նախապատրաստեցին: Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա մենք արդեն արձանագրել ենք արտահանման և ներկրման ծավալների18 տոկոսանոց աճ:

-Եթե հունվարի մեկից ուժի մեջ մտած Հարկային և Մաքսային նոր օրենսգիրքը լավ հող է նախապատրաստում ներդրումների և գործարար միջավայրի համարինչո՞վ եք բացատրում Ազգային ժողովի դիմաց ՓՄՁ հարյուրավոր ներկայացուցիչների բողոքի ակցիան, չէ՞ որ նրանց պնդմամբ՝ նոր Հարկային օրենսգիրքը խեղդում է փոքր բիզնեսը:

-Ես այդ ամենը համարում եմ սպեկուլյացիա: Ես շատ լավ հիշում եմ՝ տոնավաճառային առևտրով զբաղվողների հետ մեր քննարկումների ժամանակ իրենք պնդում էին, որ պատրաստ են բարձր հարկ տալ, միայն թե աշխատեն առանց թղթաբանության: Ես դրան դեմ եմ: Մենք այդ կերպ ստվերի դեմ չէինք կարղանա պայքարել: Այդ ակցիաներն ինչպես սկսվեցին, այնպես էլ ավարտվեցին, և հիմա նույն բողոքող ՓՄՁ ներկայացուցիչներն աշխատում են, բայց արդեն պահանջվող թղթաբանությամբ՝ ՀԴՄ-ով: Սա է ճիշտ տարբերակը: Հակառակ պարագայում՝ մենք մենաշնորհների դեմ չենք կարողանա պայքարել:

-Իսկ կարողացե՞լ եք մենաշնորհները վերացնել:

-Մենք մենաշնորհները, կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ գերակա դիրքի չարաշահումը, չենք հաղթահարել: Այս հարցում պետք է կարևոր լինի ոչ թե ՊԵԿ-ի, այլ ՏՄՊՊՀ-ի դերը: Հենց այս կառույցն է, որը պետք է բացահայտի գերակա դիրքի չարաշահումն ու այդ բացահայտումն ուղարկի ՊԵԿ:

 

-Քանի՞ նման բացահայտում կարող եք մատնանշել, որն արել են Արտակ Շաբոյանն ու իր ղեկավարած գերատեսչությունը: Արդո՞ք Շաբոյանի ղեկավարած ՏՄՊՊՀ-ն Հանրապետական բիզնես-կլանի համար կարող է մահակի դեր կատարել:

-Ինչո՞ւ եք մատնանշում Հանրապետականին, մի՞թե Հանրապետականը երկրում լուրջ բարեփոխումներ չի իրականացրել:

-Դե, եթե իրականացրած լիներ, գոնե արտագաղթի տեմպերի կանգ կամ նվազում կունենայինք, չէ՞ որ սեփական երկրի հետ հույս կապող ընտանիքը չի լքում այն:

-Արտագաղթն այն տեմպերի չէ, որ երկիրը լիովին դատարկվում է: Տեմպը նվազում է. եթե մնար, մեր երկրում մարդ, պարզապես, չէր մնա: Արտագաղթը հատկապես գյուղական վայրերում է կատաստրոֆիկ վիճակում, իսկ դրա դիմացն առնելու համար Կառավարությունն աջակցում է գյուղոլորտին, ներկայացվում են տարբեր ներդրումային ծրագրեր: Արտագաղթի տեմպը կարող ենք նվազեցնել աշխատատեղեր ստեղծելով։

-Արտագաղթի տեմպը նախ նվազեցնում են բարձր աշխատավարձով ապահովելով, իսկ մեր գործարարներին դա ամենաքիչն է հետաքրքրում, այնպես չէ՞։

-Մեր գործարարները պետք է հասկանան, որ ստրկական աշխատավարձով աշխատատեղեր պետք չէ պահել։ Կայացած գործարարները պետք է կարողանան նաև սոցիալական լուրջ հարցեր լուծել, իսկ պետությունը նրանց համար պետք է կարողանա ապահովել հավասար մրցակային դաշտ։

-Ներդրումային հոսքերի ապահովման համար վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնվեց Ներդրումային ակումբ։ Ակումբը կա, PR-ը՝ նույնպես, բայց ներդրումները չկան։ Թերևս, բարձրաձայնվեց միայն Սամվել Կարապետյանի կատարած ներդրման մասին: 

-Ես ժամանակին ողջունել եմ վարչապետի նախաձեռնությամբ ներդրումների ակումբի ստեղծումը:  Ես կարծում եմ 4-5 ուղղակի ներդրումներ այս տարի՝ 2018թ․-ին կունենանք: Իսկ այն, որ մինչ այս պահը խոշոր ներդրողներն այդ ակումբներում ներդրումներ չեն անում, պայմանավորված էր մեր երկրի քաղաքական իրավիճակով․ չէ՞ որ Հայաստանում փոխվեց սահմանադրական կարգը, բիզնեսմենները սպասում են ապրիլից հետո ձևավորվող քաղաքական պատկերին, քանի որ խոշոր ներդրողները զգայուն են նման հարցերի ժամանակ, դրա համար էլ ոտքները կախ են գցել:

-Իսկ չունե՞ք մտավախություն, որ եթե ստացվի այնպես, որ Կարեն Կարապետյանը չհայտնվի Կառավարությունում, հնարավոր է՝ այդպես էլ այդ ներդրումներն օդից առկախված մնան:  

-Ակումբի գոյությունը ես չէի ցանկանա անձնավորել: 

-Բայց այդ անձի շուրջ համախմբվեցին:

-Այո՛ անձի, ով նաև ներկայացնում էր «Հանրապետական» կուսակցության ռազմավարությունը: 

-Վարչապետը դրսից գործարարներին Հայաստան բերելու ակտիվ PR-ով գնաց նաև Լիբանան և Շվեյցարիա։ Արձագանքներ կա՞ն դրսից, ի՞նչ արդյունք տվեցին Կառավարության ղեկավարի՝ հնչեղություն ստացած այդ այցերը։

-Նման մի այց էլ սպասվում է առաջիկայում․ Հայաստանից երեսունից ավելի գործարարներ մեկնելու ենք Ժնև՝ հայ-շվեյցարական գործարար համաժողովի։ Ինչ կտա այդ գործարար համաժողովը մեզ՝ չեմ կարող կարող ասել, բայց հստակ է մի բան՝ մենք պետք է գնանք և անընդհատ կրկնենք, որ ՀՀ-ում անգամ մեկ դոլար ներդնելը շահավետ է։ 

-Եվ վերջոմ՝ Ձեր սպասելիքները՝ 2018 թվականի քաղաքական ապրիլից։

-Ես սպասում եմ, որ գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրողը հանգստանա և սկսի աշխատել։ Հուզա-էմոցոնիալ պահից անցում է պետք է կատարել գործնական աշխատանքի։

 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի