Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը բխի հասարակության լայն զանգվածների շահերից: Այս մասին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կառավարությունն իր ծրագրում դրե՞լ է ականջալուր լինելու սկզբունքը և ի՞նչ քայլեր է ձեռնարկում պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված, որից հասարակության մեծ մասը դժգոհ է: «Կառավարությունն արդեն այս հարցում իր առաջին քայլն արել է: Մենք նախագիծ ենք ներկայացրել, որի օգտին դուք քվեարկել և ընդունել եք»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ նոր օրենքը լինելու է պարտադիր, սակայն ոչ պարտադրված: «Ժողովուրդը մեր թշնամին չէ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր օրենքը բխի բոլորի շահերից: Շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու հասարակության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ: Մենք արդեն առաջարկել ենք քաղաքական ուժերին մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին: Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար, և մենք պետք է այնպես անենք, որ նոր օրենքն ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Աբրահամյանը:
Մայիսի 15-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով' գործատուները պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում կազատվեն տույժերից և տուգանքներից: Միաժամանակ, քաղաքացիները կարող են կամավոր հրաժարվել կուտակային կենսաթոշակային մասնակցելու պարտավորությունից՝ գործատուին դիմում գրելու եղանակով: Այն քաղաքացիները, որոնց պարտադիր վճարները պահվել են, սակայն ֆոնդերին չեն փոխանցվել, գործատուին դիմում գրելու եղանակով կարող են հետ ստանալ իրենց գումարները: