Հայաստանի կառավարությունը կարևորում է այլընտրանքային էներգակիրների առկայությունը և առաջիկայում ձեռնամուխ է լինելու քննարկումների անցկացմանը: ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ պատասխանելով «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Էներգետիկ ոլորտում ունենք լուրջ խնդիրներ և առաջիկայում դրանց քննարկմանն ենք ձեռնամուխ լինելու, այդ թվում ոչ ստանդարտ որոշումներ կայացնելով: Նպաստելու ենք նաև թերթաքարային գազի արդյունահանման աշխատանքներին»,- ասաց վարչապետը:
Նա, անդրադառնալով այլընտրանքային էներգակիրների խնդրին, նշեց, որ լրջորեն տրամադրված է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ և անելու է ամեն ինչ, որպեսզի այն ծրագրերը, որոնք եղել են նաև նախկինում, դառնան իրականություն: Վարչապետը հիշեցրեց, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած փլուզումների հետևանքով արդեն մի քանի օր է, ինչ գազ Հայաստանին չի մատակարարվում: Այդ տեսակետից էլ վարչապետը կարևորում է այլընտրանքային էներգակիրների առկայությունը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը' մայիսի 17-ին' ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: