Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել Հյուսիսային պողոտայում ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների պարզաբանմամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներում Հյուսիսային պողոտայում ընթացող նորոգման աշխատանքների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հյուսիսային պողոտային վերակառուցման գործընթացը, որը մեկնարկել էր 2013թ. հոկտեմբերի վերջին և ժամանակավորապես ընդհատվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով, կրկին վերսկսվել է:
Արդեն իսկ հայտնի է՝ վերակառուցման համատեքստում Հյուսիսային պողոտայում համալիր փոփոխություններ կիրականացվեն: Հատակի սալիկապատման՝ Հյուսիսային պողոտայի բետոնե ծածկը գրանիտե բազմագույն սալաքարերով փոխարինելու գործընթացը, որ 2013 սկսվել էր, այսօր շարունակվում է: Սալիկապատման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Վերջերս կատարված շրջայցի ընթացքում (փետրվարի 22-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր տեղակալների՝ Կամո Արեյան, Դավիթ Օհանյան, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյան, կառուցապատողի, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Հյուսիսային պողոտայի աշխատանքային տեղամասերում: Շրջայցի ընթացքում, որին մասնակցել է նաև Ճարտպետկոմի նախագահ և Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, քննարկվել են Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը վերաբերող հիմնական խնդիրները) գեղարվեստական սալիկապատման 3 տարբերակներից բոլորի համաձայնությամբ արդեն իսկ մեկն ընտրվել է: Շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետին ներկայացվեց, որ սալիկապատման ընթացքում նոր նյութերի և տեխնոլոգիաների շնորհիվ պողոտան հնարավոր կլինի շուրջ 4-5 տասնամյակ օգտագործել:
Ընդհանուր առմամբ, որպես Հյուսիսային պողոտայի վերակառուցման վերջնաժամկետ նախանշվում է օգոստոս ամիսը: Հյուսիսային պողոտայի վերակառուցման նպատակը պողոտայի արտաքին տեսքն ավարտին հասցնելն է: 2006-07 թվականներին, որպես ժամանակավոր լուծում այն պատվել էր գունավոր բետոնով, իսկ սալիկապատումը հետաձգվել էր մինչև Հյուսիսային պողոտայի ամբողջական շահագործումը (մինչ օրս պողոտայի լուսավորության, շենքերի գեղարվեստական լուսավորության, կանաչապատ և ծաղկապատ հատվածների, ջրային լուծումների հարցը լուծված չէ, և դրանք նույնպես ներկա փուլում պիտի իրականացվեն): Ընդհանուր առմամբ Հյուսիսային պողոտայում սալիկապատման ենթակա է մեկ հեկտար (10 հազար քմ) տարածք:
Հյուսիսային պողոտայի սալահատակի վերակառուցմամբ զբաղվում է «Դալմա Շին» ՍՊ ընկերությունը, ներդնող ընկերությունն է «Տաշիր Գրուպ»-ը: Վերակառուցման աշխատանքների համար ներդրվել է 5/հինգ/ միլլիոն դոլլար:
Հյուսիսային պողոտայի վերակառուցումը դիտարկելով Երևանի քաղաքապետարան-մասնավոր սեկտոր համագործակցության լավ օրինակ' շեշտենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից Հյուսիսային պողոտայի վերակառուցմանը ֆինանսական միջոցներ չեն ուղղվելու:
Վերակառուցման ընթացքում զգալի չափով, ավելի քան՝ 4 անգամ կավելանան Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածները»: