«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին անկանոն 7-8 կրակոց արձակած և հինգ հոգու մարմնական վնասվածքներ հասցրած Գոռ Առաքելյանի դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր էլ գնալու է ոստիկանություն, ներկա է լինելու որոշ քննչական գործողությունների: Հարցին, թե' ըստ իրեն' մեղադրանք կառաջադրվի՞ կամ ի՞նչ մեղադրանք կառաջադրվի, Ե. Սարգսյանը պատասխանեց. «Քննչականն ինքն է իր մարտավարությունը որոշելու, կան ապացույցներ, որոնց ծանոթանալ մենք իրավունք չունենք: Չեմ կարող ասել»:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով' նա նպատակահարմար չհամարեց խոսել այն մասին, որ արդեն իսկ կան խոսակցություններ, թե Գոռ Առաքելյանի արարքը ինքնապաշպանություն է եղել: «Էս պահին չեմ ուզում այդդ ուղղությամբ որևէ մեկնաբանություն կատարել»,- ասաց փաստաբանը:
Գ. Առաքելյանի ձերբակալմանը ժամկետը լրանում է մայիսի 21-ին. Մինչ այդ ժամը կա'մ մեղադրանք կառաջադրվի նրա դեմ, կա'մ նա ազատ կարձակվի:
Նշենք, որ Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: