Անցած տարի սեպտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած և 3 տոկոսը հաղթահարած կուսակցություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Այդ գումարը խորհրդարանական խմբակցությունների միջև բաժանվել է՝ ըստ նրանց ստացած ձայների և տոկոսների: Օրինակ, ամենաշատը' 18,5 միլիոն դրամ, ստացել է ՀՀԿ-ն, մյուսները՝ ըստ համամասնության:
Հայ ազգային կոնգրեսին այդ գումարից հասել է մոտ 3 միլիոն դրամ, ինչը որոշակի վիճաբանության առիթ է դարձել: Եթե ԱԺ մյուս խմբակցություններն այդ գումարը բաժանելու խնդիր չունեն, քանի որ նրանք ինքնուրույն են մասնակցել ընտրություններն, ՀԱԿ-ի պարագան փոքր-ինչ այլ է: ՀԱԿ-ը կուսակցությունների համախմբում է' դաշինք: Չնայած այս դեպքում էլ կարելի էր հեշտությամբ կողմնորոշվել. հայտնի է, որ Հայ ազգային կոնգրեսը ստեղծել են 18 կուսակցություններ, որոնք ստորագրել են ՀԱԿ հռչակագիրը, և ընդամենը պետք է վերցնել էլեկտրոնային հաշվիչը ու երեք միլիոնը բաժանել 18-ի, և յուրաքանչյուր կուսակցության տալ իր հասանելիքը:
Բայց պարզվում է, որ ՀԱԿ-ում որոշել են այլ կերպ բաժանել գումարը: Որպեսզի գումարն ավելի քիչ մասերի բաժանվի, և կտորներն ավելի մեծ լինեն, որոշվել է այն բաժանել ոչ թե 18, այլ 10 միավորի: 10-ն այն կուսակցությունների թիվն է, որոնք կազմել են նախընտրական դաշինք: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ին մաս կազմող չորս միավորները' «Ազգային վերածնունդ», «Հայրենիք և պատիվ», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունները և «Հայ կամավորականների միավորում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հայտարարեցին, որ չեն մտնում նախընտրական դաշինքի մեջ և չեն մասնակցում ընտրություններին: ՀԱԿ-ին մաս կազմող ևս չորս միավորներ չմասնակցեցին այլ պատճառաբանությամբ:
«Մարդու իրավունքներ 96» կուսակցությունը հայտարարել էր ինքնալուծարման մասին, ՍԴՀԿ-ի հետ կապված դատական վեճ կար, իսկ «Այլընտրանքը» և «Ժողովրդի իշխանությունը» հասարակական-քաղաքական նախաձեռնություններ էին ու չունեին իրավաբանական գրանցում, այդ պատճառով չէին կարող դաշինքի մաս լինել:
Խորհրդարանական ընտրություններից հետո ևս երկու կուսակցություններ' «Հանրապետությունը» և Հայաստանի Լիբերալ կուսակցությունը, հայտարարեցին ՀԱԿ-ից դուրս գալու մասին, վերջերս նման հայտարարություն արեց նաև Պահպանողական կուսակցությունը: ՀԱԿ-ում որոշել են, որ այս կուսակցություններին պետք է բաժին հանել, քանի որ նրանք եղել են դաշինքում:
Բայց որտե՞ղ է տրամաբանությունը. Ինչո՞ւ ՀԱԿ-ին փաստացի մաս կազմած և նախընտրական քարոզարշավին ակտիվորեն մասնակցած «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը պետք է բաժին չստանա միայն նրա համար, որ կնիք չունի, իսկ ընտրարշավին որևէ կերպ չմասնակցած և իրեն պաշտոնապես դիտորդ հայտարարած Պահպանողական կուսակցությունը պետք է ստանա:
Ճիշտ է, կուսակցության քարտուղար Թաթուլ Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից Արամ Մանուկյանին հայտնել է, որ իրենց կուսակցությունը հրաժարվում է այդ գումարից: Չնայած դրանից խնդրի էությունն ամենևին չի փոխվում, եթե դրան մոտենում ենք բաժանման արդարացիության տեսակետից:
Հարցն այն է, որ այս գումարը միանվագ չէ, և այդ 3 միլիոնն անցյալ տարվանն է, այս տարի ևս կառավարությունը 60 միլիոն է տրամադրելու, որը ևս պետք է բաժանվի կուսակցությունների միջև, և այս տարի էլ ՀԱԿ-ին հասանելիք գումարը կլինի ոչ թե 3, այլ 4,5 միլիոն դրամ:
Իսկ միգուցե ավելի ճիշտ կլիներ, եթե այդ գումարը ոչ թե բաժանվեր ՀԱԿ խմբակցության անդամ կուսակցությունների միջև, այլ տրամադրվեր Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Ի վերջո, ՀԱԿ այսօրվա խմբակցությունը հենց Մարտի 1-ի ողբերգության արդյունք է, և երբ ՀԱԿ խմբակցության անդամները բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարության կողմից փոխհատուցում վճարելու հարցը և մեղադրում են կառավարությանը դա չանելու մեջ, ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ կառավարության կողմից իրենց հատկացված գումարը բաժանեին 10 զոհերի ընտանիքներին, և ոչ թե՝ 10 կուսակցությունների միջև: Այդ դեպքում գուցե մարդիկ հավատային, որ ՀԱԿ-ում իսկապես մտահոգված են զոհերի հարազատների սոցիալական դրությամբ և իսկապես ուզում են ինչ-որ բանով օգնել նրանց: