Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փոշինյանին, ով կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարությանը, թե ինքը բիզնես չունի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքին: Նիկոլ Փաշինյանի ելույթին դահլիճից արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ստեղ բազար չի, արա»:
Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթ ունեցավ' հիշեցնելով, որ ԱԺ դահլիճում հավաքվել են քննարկելու երկրի համար շատ կարևոր՝ կառավարության ծրագիրը: Նա կոչ արեց պատգամավորին գիտակցել, որ Ազգային Ժողովը երկրի գլխավոր քաղաքական ամբիոնն է: «Մենք այստեղ ենք հավաքվել կառավարության ծրագիրը քննարկելու, այլ ոչ թե զազրախոսելու համար: Եթե մեր նպատակը այս ամբիոնից միմյանց վիրավորելն է և ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա մեր մակարդակը շրիշակի մակարդակից ցածր է' նրանց մակարդակը, ովքեր այստեղ նման բաներով են զբաղված: Ինչքա՞ն կարելի է նույն բանը կ րկնել: Եթե ձեզ թվում է, որ նույն բանը այս ամբիոնից քսան անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունը, հարգանքն ավելանում է, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզանից կոնկրետ գործ է սպասում, իսկ պոպուլիստական հայտարարություններով ժողովրդի մատից փուշ չեք հանելու»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ իրենք քննարկում են քաղաքական շեշտադրումներով ծրագրի առաջնահերթությունները: «Իսկ որո՞նք են այդ առաջնահերթությունները: Ի տարբերություն ձեզ, քաղաքական մեծամասնությունը երկրի նախագահի, վարչապետի գլխավորությամբ, Ազգային ժողովի ղեկավարությունը հավատում են ողջամիտ առաջարկների, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին: Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր այս ամբիոնից ողջամիտ առաջարկներ են անում՝ ի տարբերություն ձեզ և ձեր որոշ գործընկերների: Եթե բռունց եք ուզում նետել, բռունցք էլ պետք է ստանաք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այստեղ չեն հավաքվել միմյանց վարկաբեկելու և վիրավորելու համար:
Նա ընդգծեց, որ կառավարության ծրագիրն իրատեսական է, քանի որ չկա մի ոլորտ, որին ծրագրում անդրադարձ չլինի: «Ես այսօր սպասում էի, որ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն առաջարկություններ, կլինեն նաև քննադատություններ, սակայն մի մասն ասում է' ինչ ուզում եք արեք, մենք չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներն է պատմում: Մի համագործակցեք: Ձեր կարծիքով այդ եղանակով մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին: Նրանց եք վատություն անում: Քաղաքական մերժողականությունը, բոյկոտը, հայհոյանքներով խոսելը խոսում են հայացքների բացակայության մասին, խոսում են այն մասին, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: