ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր' մայիսի 23-ին, այցելել է Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հովհաննես Մանուկյանը ողջունել ու շնորհավորել է շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշել իր դպրոցական տարիներից մի պատմություն: «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի. «Եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք»:

 

Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմել է Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթել ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

 

Նախարարի խոսքով' սա անչափ կարևոր ու պատասխանատու պահ է' մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, ճիշտ քաղաքացի դաստիարակելու, հայրենասեր սերունդ ունենալու համար: «Կրթությունն այն կարևոր ինստիտուտն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերը հասարակական կյանքում: Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից և վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը' դրսևորելով բարձր իրավագիտակցությո ւն, հոգատարություն և սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ»,- ասել է նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն ուսման ու աշխատանքի մեջ: