Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ազգային իրականացման վարչության Արևելյան գործընկերության և Ռուսաստանի Դաշնության բաժնի ղեկավար Տիգրան Կարապետյանը, այլք:
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար, այնուհետև ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ աջակցությամբ ՀՀ-ում իրականացված, ինչպես նաև ներկայում ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր՝ ուղղված դատական համակարգի բարեփոխմանը, Հայաստանի ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության հզորացմանը, քրեական արդարադատությանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն:
Միխայիլ Լոբովի հետ հանդիպմանը նախարար Հարությունյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու փոխգործակցության նոր գաղափարները: