Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը մայիսի 22-ին՝ ժամը 21.50-ին, ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը' ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով՝ դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980թ. ծնված Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բացատրական աշխատանքների արդյունքում, Մաթևոս Կարապետյանը և Էդվին Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը: Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է նախաքննություն: