
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մայիսի 23-ին ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Վոլֆգանգ Շմիդտին, որը ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության լիազոր անձն է և «Կարգավար օպերատորների վերապատրաստում» դասընթացի ավագ դասախոսը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը:
Վոլֆգանգ Շմիդտն ԱԻ նախարարին է ներկայացրել համագործակցության առաջին փուլի արդյունքները, մասնավորապես, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կարգավար-օպերատորների նորաստեղծ ուսումնական կենտրոնի և վերապատրաստման դասընթացների մասին: «Երկու շաբաթ տևողությամբ 1-ին դասընթացին մասնակցել է «911» ծառայության 15 կարգավար-օպերատոր, որոնց հասցեին միայն գովասանքի խոսքեր պիտի ասեմ: Հետաքրքրությունը շատ մեծ էր, մասնակցությունն՝ ակտիվ, և շատ արդյունավետ համագործակցություն ստացվեց' թե մասնակիցների, թե ակադեմիայի ու ՃԿԿ-ի հայ գործընկեր-դասախոսների հետ: Ուսումնական կենտրոնի ստեղծման և դասընթացների նախապատրաստման հարցում մեծապես օժանդակել են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և ԱՌՆԱՊ հիմնադրամը: Շնորհակալություն ենք հայտնում նաև ԱԻ նախարարությանը և Ձեզ' Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը նման վստահություն ցուցաբերելու համար»,- նշել է Շմիդտը:
Նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ չափազանց կարևորում է «911» ծառայության կարգավար-օպերատորների մասնագիտական պատրաստվածությունը, հատկապես' առաջին օգնության հետ կապված հարցերում, որպեսզի նրանք կարողանան հեռախոսով օգնություն ցույց տալ ահազանգողին մինչև արձագանքող ուժերի ժամանումը, իսկ հատուկ դեպքերում նաև' զանգի փոխանցումը ճգնաժամային կառավարման կենտրոնում հերթապահող բժիշկ-հոգեբանին: «Մենք պիտի ձգտենք պահպանել ձեռքբերած արդյունքը և հասնել նրան, որ մեր ուսումնական կենտրոնում վերապատրաստվեն նաև հանրապետության մյուս արագ արձագանքման ծառայությունների կարգավարները, իսկ մեր դասախոսները պատրաստեն նոր դասախոսների»,- նշել է նախարարը:
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը հայտնել է, որ գերմանական փորձի հիման վրա մշակվել է մեթոդաբանություն և ուսումնական ծրագիր, որը տեղայնացվել է ու համապատասխանեցվել մեր կարիքներին: Հետագայում նախատեսվում է ուսումնական կենտրոնի տեխնիկապես հագեցած ու բազմաֆունկցիոնալ լսարաններն օգտագործել նաև կարգավարների ու փրկարարների համար օտար լեզվի դասընթացներ կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ավարտին Վոլֆգանգ Շմիդտն ԱԻ նախարարին է փոխանցել Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության նախագահ դոկտոր Լորենց Մենցի երախտագիտական խոսքը և հուշանվերներ:
Արմեն Երիցյանը գերմանացի հյուրին ԱԻՆ փրկարարի համազգեստ և խորհրդանշական հուշանվեր է հանձնել' շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: