Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մայիսի 27-ին Մոսկվայում կքննարկեն Ուկրաինայի, Սիրիայի եւ Հարավային Կովկասի իրադրությունը, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագիրը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Մայիսի 27-ին երկու երկրների նախարարների նախագահությամբ Մոսկվայում կանցկացվի Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի չորորդ նիստը:
«Նախարարները կքննարկեն ճգնաժամը Ուկրաինայում, իրադրությունը Մերձավոր Արեւելքում, այդ թվում' Սիրիայում, իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում: Շարունակվելու է երկխոսությունը' կապված իրանական միջուկային ծրագրի, Անդրկովկասում իրավիճակի, Կենտրոնական Ասիայում եւ Բալկաններում դրության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության շուրջ: Ռուսաստանն ու Թուրքիան նման համընկնող մոտեցումների են հետեւում շատ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ եւ մտադիր են հետագայում եւս կառուցողական կարծիքներ փոխանակել», -հայտնել է Լուկաշևիչը:
Նրա խոսքով, «օրակարգի համաձայնեցված կարեւոր կետը հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման հարցերի ամբողջությունը, այդ թվում' Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում փոխգործակցության հեռանկարները»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «դրա հետ միասին, Մոսկվան եւ Անկարան ելնում են գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերների դեմ դիմակայության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից, կայուն զարգացման ապահովումից»: