Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրողների նախնական ընտրացուցակները դարձյալ ուռճացված են: Մի քանի ամսվա ընթացքում ընտրողների թվի նման կտրուկ աճն, ըստ նրա, արհեստական է: «Ինչպես ոստիկանությունն է ազդարարել, 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակների համեմատությամբ, այս ընտրություններում ընտրողների թիվն ավելացել է 25 հազարով: Բոլորս հասկանում ենք, թե ինչ է կատարվում, եւ երբ փորձում ենք ահազանգել, կամ ուղղակի կարծիք հայտնել այդ ավելացումների կապակցությամբ, տալիս են մի այնպիսի պատասխան, որը ապշեցնում է իր կառուցվածքով եւ բովանդակությամբ»,- մեր լրագրողի հետ զրույցում նշել է Ստյոպա Սաֆարյանը:

Հրապարակված տվյալներն, ըստ Ժառանգության ներկայացուցչի, անտրամաբանական են, քանի որ մի երկրում, որտեղ արտագաղթի տեմպերը տարեցտարի ահագնանում են, հնարավոր չէ, որ ընտրողների թիվն ավելանա: «Տարեցտարի Հայաստանում երկիր լքողների թիվն ավելանում է եւ նույնիսկ օրեցօր, մինչդեռ ընտրացուցակները արդեն տրաքում են: Հետաքրքիր է' ի՞նչ է անելու ոստիկանությունը, երբ պարզվի, որ հանրապետության ընտրողների ցուցակների կեսից ավելին ֆեյքեր են, կամ Հայաստանից բացակայողներ: Երբ հոկտեմբերին մենք ստացանք թիվ 1 ընտրատարածքի ցուցակները, պարզեցինք, որ միջին հաշվով շենքերի, կամ հասցեների համատարած մակարդակով միջինում 25-30 տոկոսը բացակայում է Հայաստանից, բացակայում է երկար ժամանակ, բայց նրանք շարունակում են մնալ ընտրացուցակներում: Այս կտրվածքով մենք բոլորս եւ առաջին հերթին նրանք, ովքեր ընտրություններին դժբախտություն են ունեցել մասնակցելու որպես թեկնածու, լավ գիտեն, թե ինչպես հանձնաժողովներում կարողանում են հավուր պատշաճի չակերտների մեջ օգտագործել այդ տվյալները»,- գտնում է Ժառանգության ներկայացուցիչը: Այս պարագայում ակնկալել, որ առաջիկա ընտրությունները որակական առումով կտարբերվեն նախորդներից, պետք չէ, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպես հարկն է աշխատեցնում է կեղծիքների մեքենան: «Քանիդեռ շարունակում են նույն արատավոր գործելաոճը, մասնավորապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ի դեմս պետության, մեզ մնում է ենթադրել, որ ավելացումներ կատարվում են ցնդող թանաքների օգնությամբ յուրացնելու համար, այլ ոչ թե արդյունք են նրա, ինչը փորձում է բացատրել ոստիկանությունը' շատ անհաջող իր երկարաշունչ տեքստերով»,- եզրափակել է Ստյոպա Սաֆարյանը:

Հերմինե Մկրտչյան